ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ
Միակ ճամփան փրկության՝Հայե'ր, դեպի Հայաստան...Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,Բայց դուք կկորչեք ծովերում օտար,Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար...Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,Բայց դուք կկորչեք ծովերում օտար,Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք,Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից:Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, -Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռԹեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,Բայց դառնանում է ծովակն հայրենի, -Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, -Դարձեք... Սևանը ձեզ է պապակում,Կանչում՝ Սահարա անապատի պես:Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողումՄասիսի ձյունը՝ թագս վիթխարի:Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափումՀայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,Գեթ Արարատից խռով միք մնա: